Առաջին օրվա տպավորությունները Կատմանդուում կլինեն անմոռանալի, դուք կհամոզվեք, որ նեպալցիները հայերից ոչ պակաս հյուրընկալ են ու հյուրասեր:
Հենց առաջին օրը կծանոթանանք մեր ճամփորդության մանրամասներին, իսկ այն հավատացեք, հագեցած է լինելու:
Երեկոյան կունենանք ազատ ժամանակ ուժերը վերականգնելու և անմոռանալի արկածներին պատրաստվելու համար:
Մեր առաջին այցը կլինի դեպի Պոխարա քաղաք, որը հայտնի է որպես հիպիների «աշխարհի մայրաքաղաք»:
Պոխարան գտնվում է Ֆեվա լճի ափին: Զբոսաշրջիկները գալիս են այս քաղաք, որպեսզի նախևառաջ այցելեն Շիվայի երբեմնի ապաստանը հանդիսացած կղզին: Նեպալի իրական հմայքը զգալու համար այս հանգստավայր այցելելն, ուղղակի, պարտադիր է:
Այստեղ կարելի է նավարկել, այցելել քարանձավներ և, իհարկե, վայելել շրջակա միջավայրն իր ողջ հմայքով: Պոխարայում կանցկացնենք մեկ ամբողջ ազատ օր և այստեղ էլ կգիշերենք:
Լավ է հնչում, չէ ՞:
Այսօր դուք կունենաք ձեր կյանքի ամենահիշարժան 6 ժամերը, որոնք կսկսվեն Հիլից մինչև Գորեպանի (2675մ): Առաջին մի քանի ժամը ճանապարհը մի քիչ խրթին է, բայց հետաքրքիր: Հետո արդեն արահետներն ավելի մատչելի են դառնում, այնպես որ, տրամադրվե՛ք:
Հոգնածությունը կթոթափենք Ուլլերի (2070 մ) կամ Բանթանտի գյուղերի ճանապարհին: Որքան ավելի բարձր դիրքերում հայտնվենք, այդքան տեսարաններն ավելի շքեղ են դառնալու:
Ճանապարհին կանցնենք գետի ափին տարածվող սաղարթախիտ անտառներով, որոնց բնությունը բավականին հարուստ է նաև կենդանական աշխարհով: Ամեն քայլափոխի կարելի է հանդիպել կապիկների ու թռչունների տարբեր ցեղատեսակների:
Ճանապարհի վերջին հատվածը մեզնից մի քիչ համառություն կպահանջի, բայց մտածեք հանգստի մասին, որը մեզ սպասում է Գորեպանիում: Օրվա ավարտին դուք արդեն հպարտանալու ևս մեկ առիթ կունենաք, որովհետև հաղթահարած կլինեք ավելի քան 1.1 կմ զառիվեր:
Բայց հավատացեք, այն, ինչ կտեսնենք հաջորդ օրը, միանշանակ արժե, որ հաղթահարեինք այսքան երկար ճանապարհ:
Դուք պատրա՞ստ եք դիմավորել ձեր կյանքի ամենաանմոռաց արևածագը Փուն Հիլլում (3232 մ), ուրեմն պետք է ճամփա ընկնել մինչև լուսաբաց, իսկ Փուն Հիլլ մարդիկ հասնում են հենց արևածագը դիմավորելու համար: Այս տրեկկինգային արշավը երբեմն հենց այդպես էլ անվանում են «Լուսաբացի արշավ»:
Վերադարձին մեզ սպասվում է համեղ նախաճաշ Գորեպանիում, որից հետո ուղևորություն դեպի Գանդրուկ գյուղ: Գանդրուկում կարող եք այցելել տեղացի Գուրունջ ժողովրդի մշակույթի թանգարան և ծանոթանալ նրանց պատմությանը: Հենց այս գյուղում էլ այսօր կգիշերենք:
Մեր ճանապարհորդության վերջին կետը, որ մեզնից մի փոքր ջանք կպահանջի, կլինի Նայապուլը: Ճանապարհին կունենանք հանգստանալու, մեկ գավաթ թեյ ըմբոշխնելու ժամանակ:
Երեկոյան կվերադառնանք Պոխարա և այստեղ էլ կգիշերենք:
Այսօր կունենաք մի ամբողջ ազատ օր բացահայտելու Պոխարայի թաքնված անկյունները և ժամանակն անցկացնելու առաջարկվող էքսկուրսիաներից մեկում, ինչպիսիք են նավարկություն Ֆեվա գետով, այց քարանձավներ, պարագլայդինգ, բանջի թռիչքներ և այլն:
Նախաճաշից հետո հրաժեշտ կտանք Պոխարային կրկին վերադառնալու ակնկալիքով և կվերադառնանք Կատմանդու:
Երեկոյան կունենանք ազատ ժամանակ տեղի որևէ փաբում միասին նշելու մեր ճամփորդության ավարտը և խմելու հերթական նվաճած լեռան կենացը:
Նախաճաշից հետո կմեկնենք օդանավակայան և մի քանի ժամ անց արդեն կլինենք Երևանում՝ պատրաստ նոր արկածների: